Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Կմեռնի, եթե չգնամ, կմեռնի

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Կմեռնի, եթե չգնամ, կմեռնի
11.03.2015 | 14:09

Արևը նոր էր բացել աչքը: Նայում էր մարդուն ու չէր ուզում ճանաչել: Շրջապատում ամեն բան հոգեխռովքի մեջ քնած էր, իսկ քաղաքի փողոցներով քայլում էր մի մարդ, ով կարծես ամբողջ գիշեր հենց այնպես քայլել էր ու տեղ չէր հասել: Աչքերի տակ սևացել էր, այտերը՝ կարմրել: Նա գնում էր անհայտության մեջ` հույսը դրած թևի տակ գտնվող ալբոմի վրա, որտեղ մի քանի ճեպանկարներ կային: Այդ նկարներն իրենն էին: Կգա ժամանակ, որ դրանցից ամեն մեկը կդառնա գեղարվեստական արժեք բայց հիմա մարդը քայլում էր անհայտության մեջ, խորհրդավոր դեմքը արևին էր տվել, չէր խոսում, հազիվ էր ոտքի վրա կանգնում:
Մոտերքում մի այգի կար, որտեղ օրվա ծանր քայլքից հետո հանգստանում էր մարդը, իսկ այգու նստարանը լավ էր ճանաչում կյանքի ծանր բեռի տակ կքած նկարչին: Անցորդները արդեն ճանաչում էին նրան, անցնում էին նրա կողքով, հայհոյում, դատարկ շշեր էին բազմահարկ շենքերից ցած գցում, որ հեռանար մարդն ու չփչացներ մթնոլորտը:
Այդ օրն էլ քայլերը նրան տանում էին դեպի այգու նստարանը, որտեղ կարելի էր մի քանի րոպե հանգիստ տալ տնքացող ոտքերին: Այգին լուռ էր, չէր խոսում, ամեն բան ինքնանպատակ էր, բնությունն էլ մյուս օրվա համար ծրագիր էր մշակում, ամեն բան աշխատում էր: Քաղաքի փողոցներից մեկում նրան միացավ մի շուն: Ոտքը վիրավոր էր: Շունը գիրկն էր առել վիրավոր ոտքն ու մեկ նայում էր մարդուն, մեկ վերև` երկրի ու երկնքի միջև սահման էր գծել, երդվել էր՝ լինել: Թաց էին շան աչքերը: Մարդը սկզբում զարմացավ, իսկ հետո ուրախացավ` մտածելով, որ իր հետևից քայլում է ինչ-որ մեկը` մի կտոր հացի, մի կտոր ջերմության, մի կտոր ազնվության սպասումով: Այդ բանը նրան ստիպում էր ապրել, և որոշեց ինչ գնով էլ լինի վաճառել նկարներից մեկն ու մեկը: Ինքն արդեն մենակ չէ, «Նա» էլ է ուտել ուզում` ապրել:
Մարդը նստած էր նստարանին, շունը` մի քիչ հեռու, և անթարթ նայում էին իրար:
Հանկարծ մարդը նկատեց իրենից քիչ հեռու քարի ճեղքից դուրս պրծած ծիլը: Այն պատռել էր այդ ահռելի քարը և իր փոքրիկ, անպաշտպան գլխիկով նայում էր աշխարհին, ապրել էր ուզում:
-Տեսնես` ինչ ես դառնալու,- մտածեց մարդը,- ծառ, ծաղիկ, մոլախոտ... Ինչ էլ լինես, լավ ես ծնվել:
Հանգստանալուց հետո մարդը գնաց` իր և շան համար հաց վաստակելու, բայց ամբողջ ճանապարհին մտածում էր միայն այդ ծիլի մասին: Շունը լեզուն դուրս գցած նայում էր, մեկ՝ ծիլին, մեկ՝ աշխարհին:
Հաջորդ օրը ծիլը մի քիչ էլ էր մեծացել` ապրելու հաստատ որոշումով:
Մարդը սկսեց ամաչել` համեմատելով իրեն այդ կանաչ փոքրիկի հետ: Նա զգում էր, որ իր մեջ մեծանում է ապրելու, լինելու ցանկությունը. չգիտեր` ինքը նո՞ր է նկատում աշխարհը, մարդուն, թե՞ իրոք ամեն բան փոխվել է, «մեծացել» մարդը:
Այդ գիշեր սովորականից ցուրտ էր: Քամին խառնել էր քաղաքի փողոցները, անջատել լույսերը: Քաղաքը մութ էր ու անգույն, ինչպես երբեք: Փողոցներում ոչ ոք չկար, երկինքը շիկացել, կախվել էր` հոտել էր: Նրբանցքներից մեկում պատսպարված մարդը հանկարծ հիշեց իր ծիլի մասին:
-Կմեռնի, եթե չգնամ, կմեռնի:
Եվ վազում էր մարդը խելագար մոլուցքով, քամուց ծեծված դեմքով, իսկ նրա հետևից` շունը: Մարդն այդպես էլ չէր հասկանում՝ շո՞ւնն էր իրեն ստիպում ապրել, թե՞ ինքը` շանը: Ի՞նքը` ծիլին, թե՞ ծիլը` իրեն:
Բայց նրանք կապված էին իրար անխախտելի կապով` կյանքով:
Առավոտվա արևը տաքացրեց մարդու անկենդան մարմինը, որ պառկած էր գետնին` փեշով ծածկած կանաչ ծիլը:
Քաղաքի փողոցներում էլ ոչ ոք չտեսավ, չհանդիպեց այդ տարօրինակ մարդուն, բայց այգու նստարանից քիչ հեռու, գիշերները միշտ նստած է շունը և իր մարմնով պահում է մի քիչ մեծացած բարդու փոքրիկ ցողունը:

Դիտվել է՝ 158973

Մեկնաբանություններ